Գլխավոր դատախազի «նվերը» Նիկոլ Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլխավոր դատախազությունը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվական անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը։
Որպես հիմնավորում՝ դատախազությունը նշել է, թե վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, Հայաստանում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը։
Հիմնավորումը բավական խոսուն է և առաջին հայացքից կարող է թվալ, թե դատախազությունը լուրջ գործ է ձեռնարկել և փորձում է «Ռոսկոմնադզորի» օրինակով Հայաստանում մարմին ստեղծել։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, պատճառը ոչ թե քրեական տարրերի դեմ պայքարն է, ինչպես փորձում է ներկայացնել դատախազությունը, այլ իրականում Նիկոլ Փաշինյանի ձեռքին ևս մեկ լծակ տալն ու նրա քաղաքական ընդդիմախոսներին հալածելու հնարավորությունն է։
Արթուր Դավթյանը, ով սեպտեմբերին արդեն ավարտում է իր պաշտոնավարումը, հավակնում է տեղ զբաղեցնել Բարձրագույն դատական խորհրդում և դառնալ ԲԴԽ նախագահ։ Եվ դատախազի պաշտոնից հեռանալուց առաջ նա փորձում է ևս մեկ նվեր մատուցել Նիկոլ Փաշինյանին՝ ապացուցելով իր հավատարմությունը։
Իսկ Փաշինյանը վաղուց այլևս ապացուցել է, որ որևէ առնչություն չունի արդարության, իրավունքի և օրենքի գերակայության հետ։ Գործող վարչախմբի թիվ մեկ խնդիրը ընդդիմախոսներին ամեն գնով հալածելն է, պատժելը և մյուս քննադատներին ահաբեկելը։
Փաշինյանը նույնիսկ չի էլ փորձում պահպանել արտաքին շղարշը, և ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակած և վարչապետի պաշտոնը զավթած անձը, այժմ արդեն լիակատար անցել է իր բռնապետական հակումները ի ցույց դնելուն։
Ի տարբերություն Ռուսաստանի և այլ պետությունների, Հայաստանը տարիներ շարունակ հայտնի է եղել իր ազատ համացանցով, որտեղ մարդիկ ազատորեն արտահայտել են իրենց կարծիքները, թերևս ուկրաինական պատերազմը և Ռուսաստանում համացանցի վերահսկողության ահագնացումը հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ևս նման քայլեր ձեռնարկել և փակել բոլոր ընդդիմախոսների բերանը։
Աշոտ Սահակյան