«Քաղաքացիական պայմանագիրը» մտափոխվե՞լ է Երևանի ավագանու ընտրության հարցում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ըստ ամենայնի որոշել է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել ոչ թե այս տարի, այլ՝ հաջորդ։
Տևական ժամանակ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածում, որ փաշինյանական վարչախումբը մտադիր է օգտվել ընդդիմության պառակտվածությունից և դիմադրության շարժման տապալումից և շուտափույթ իրականացնել Երևան քաղաքի զավթման գործողությունը՝ դա Երևանում իշխանությունը վերցնելու շանս դիտարկելով։
Երեկ հայտարարություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրություններին և տարբեր ԶԼՄ-ներով իրեն առնչվող մեկնաբանություններին։
Նա հիշեցրել է, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները 2023 թվականի աշնանն են։
«Ինձ անհասկանալի պատճառներով, մի շարք անձինք և ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով և տարածելով»,- գրել է նա։
Ավինյանը խոստացել է քաղաքական ավելի ակտիվ շրջանում հանգամանալից կերպով անդրադառնալ որոշ հարցերի՝ որպեսզի մանիպուլյացիան անընդհատ կրկնելով ճշմարտություն չդառնա։ Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը։
Կա՛մ «Քաղաքացիական պայմանագիրն» իսկապես մտադիր է ընտրությունները տեղափոխել 2023 թվականի աշուն, երբ ավարտվում է Երևանի գործող ավագանու պաշտոնավարման ժամկետը, կա՛մ էլ այս կերպ իշխանությունը հերթական ծուղակն է պատրաստել ընդդիմության համար, փորձում են բթացնել զգոնությունը և ինչ-որ պահի հայտարարել Երևանի ավագանու ընտրությունների գնալու մասին՝ ընդդիմությանը զրկելով միավորվելու և ավելի մեծ ռեսուրսներով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Ցանկացած պարագայում Ավինյանի այս գրառումը բավական ուշագրավ է և բազում ենթադրությունների տեղիք է տալիս։
Սամվել Ավետյան