Կալանավորները պնդում են, որ ոստիկաններն իրենց գրպանը թմրանյութ են գցել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն ու Կարեն Օ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են ներկայացրել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 25-ին Երեւան քաղաքի Նանսենի փողոցից եւ Նոր Նորքի 9-րդ զանգվածից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվելիս նույն բաժնի աշխատակիցներն իրենց բաճկոնների գրպանները թմրամիջոց են գցել:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրանից հետո ոստիկանության նույն բաժնում կատարված անձնական խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նշված թմրամիջոցները եւ արձանագրվել, թե, իբր, դրանք իրենցն են:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Մասնավորապես՝ մի շարք քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հերքվել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ի ու Կարեն Օ.-ի հաղորդումների մեջ նշված հանգամանքները: Պարզվել է, որ Արմեն Կ.-ն ու Կարեն Օ.-ն ՀՀ ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկվելուց առաջ իրենց մոտ ապօրինի պահել են թմրամիջոց:
Այս կերպ՝ Արմեն Կ.-ն ու Կարեն Օ.-ն ոստիկանության ծառայողներին անհիմն մեղադրել են հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված 2 քրեական գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ 2014 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության փաստով հարուցվել եւ քննվել է 8, իսկ 2015թ.-ին` 17 քրեական գործ: 2014-2015թթ. քննված քրեական գործերով սուտ մատնություն կատարած մեղավոր անձինք դատապարտվել են:
2016 թվականի հունիսի 10-ի դրությամբ` սուտ մատնության փաստով հարուցվել եւ քննվում են արդեն 27 քրեական գործեր, որոնցից 12-ի նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ մնացած քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: