Ստավրոպոլի երկրամասի ժողովուրդների ներկայացուցիչները խոսել են իրենց ազգային տոների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAtvmedia.ru-ն գրում է, որ Ստավրոպոլի երկրամասն առանձնանում է բնակչության խայտաբղետ էթնիկական կազմով։ Այստեղ ապրում են աշխարհի ավելի քան 120 ժողովուրդների ներկայացուցիչներ։ ATVmedia-ի թղթակիցները տարբեր ազգերի ներկայացուցիչներից հետաքրքրվել են, թե ինչ տոներ են նշում նրանք։
Ստավրոպոլի շրջանի բոլոր կրոնների մեջ նշանակալի տեղ է գրավում իսլամը։ Իսլամ դավանում է նաև նոգայական ժողովուրդը: Կամիլլա Կերոկովան պատմել է, թե ինչ տոներ են նշում նոգայացիները։ «Բոլոր մուսուլմանները, ներառյալ մեր ընտանիքը, ունեն ամենահարգված տոները, դա ծոմապահության ավարտի տոնակատարությունը սուրբ ամիս Ռամադանում Ուրազա- Բայրամն է և Կուրբան Բայրամը՝ Հաջի ավարտի տոնը, որի ժամանակ մարդիկ գնում են մզկիթներ և ողորմություն բաժանում աղքատներին և սովյալներին: Այս տոներին ընդունված է հավաքվել ընտանիքով, հյուրերին դիմավորել համեղ ուտելիքներով, հյուր գնալ և նվերներ տալ»,- նշել է աղջիկը։
Սավվա Շեյրանովը հույն ժողովրդի ներկայացուցիչ է։ Հույները, ինչպես պարզվել է, առանձնահատուկ տոներ չունեն, և տարվա գրեթե բոլոր կարևոր օրերը եկեղեցական տոներ են։ «Ինչ վերաբերում է տոներին, ապա մենք նշում ենք նույն տոները, ինչ բոլորը՝ Սուրբ Զատիկը, Սուրբ Ծնունդը և Սուրբ Մարիամի տոնը: Ավելին, որոշ հույներ Սուրբ Ծնունդը նշում են 2 անգամ ըստ հին ու նոր ոճերի՝ դեկտեմբերի 25-ին և հունվարի 7-ին։ Հունաստանի Անկախության օրը նույնպես մեր գլխավոր տոներից է»,- կիսվել է Սավվան:
Հայ ժողովրդի տոները ևս առանձնապես չեն տարբերվում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է ՀԱՄՀ-ի գովազդի բաժնի ուսանողուհի Դիանա Բագիրյանը։ «Հայկական տոներն այնքան էլ չեն տարբերվում մյուսներից, հատկապես եթե դրանք եկեղեցական են։ Մենք ունենք նույն Զատիկն ու Սուրբ Ծնունդը, բայց մեր ամսաթվերը կարող են տարբերվել ուրիշներից: Այն, ինչ Ռուսաստանում չի նշվում, կարելի է անվանել Վարդավառի եկեղեցական տոնը։ Բոլորը հավաքվում են եկեղեցում, ջրով ցողվում, պարում։ Շատ ժամանակ մենք գնում ենք այնտեղ եղբայրների և քույրերի հետ: Հայաստանում, իհարկե, դա այլ մասշտաբ ունի՝ փողոցում բոլորին անխտիր ջրում են։
Մեկ այլ տոն էլ տրնդեզն է, նրա հիմնական հատկանիշը խարույկ է: Զույգերը պետք է ցատկեն դրա վրայով: Եթե ձեզ հաջողվել է ցատկել առանց ձեռքերն անջատելու, ապա ամուսնությունը երկար ու երջանիկ կլինի։ Եվ նորից բոլորը հավաքվում են եկեղեցու մոտ՝ թռչկոտելով ու պարելով։ Ես եղել եմ այդ տոնին, բայց դեռ ստիպված չեմ եղել ցատկել», - ասել է Դիանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը