Երևի դատապարտյալը գետնին ամրացված մեխն է հանել ու ինչ-որ բանով մեխել ոտքերին. Գոռ Ղլեչյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոտքերը մեխած Գարիկ Մելքոնյանին ցուցաբերվել է բուժօգնություն, նրա վիճակն այժմ լավ է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
«Համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, նորմալ վիճակում է: Երեւի դատապարտյալը մեխը հատակից է գտել, գետնին մեխված մեխն է հանել ու ձեռքի տակ եղած ինչ-որ բանով մեխել ոտքերին»,-ասաց նա:
Գոռ Ղլեչյանը նշեց, որ մամուլում տարածված այն տեղեկությունները, թե դատապարտյալներից Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, իրականությանը չեն համապատասխանում. «Նման բան չկա, դրանք սուտ տեղեկություններ են»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանն ու Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց. Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, ինչի հետեւանքով նրան վիրահատության են ենթարկել։