Սթոլթենբերգը մեկնել է ԱՄՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կհանդիպի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ռազմական դաշինքին միանալու առիթով նախագահ Ջո Բայդենի հետ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի բարձրագույն ղեկավարների հանդիպումից երկու շաբաթ անց:
ՆԱՏՕ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սթոլթենբերգը կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, եւ նրանք մամուլի ասուլիս կհրավիրեն։ Հինգշաբթի օրը նա պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա։
Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Այս ամսվա սկզբին Բայդենը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ, որոնց երկրները պաշտոնապես հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Բայդենը աջակցություն է հայտնել ռազմական դաշինքին երկու կողմերի միանալուն՝ ասելով. «Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ են դարձնում»։
Սթոլթենբերգը նույնպես այս ամսվա սկզբին հանդիպել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնյաների հետ այն բանից հետո, երբ երկրները ներկայացրել են իրենց հայտերը: ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրները պետք է համաձայնության գան ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության հարցում, թեեւ Թուրքիան դեմ է նրանց անդամակցությանը։
Բլինքենն անցյալ ուրբաթ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը «վստահ է», որ երկու երկրները կկարողանան միանալ ռազմական դաշինքին: