ԵՄ-ն լրացուցիչ 500 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ տանկեր և հրետանի գնելու համար. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղության եվրոպական հիմնադրամից ԵՄ-ի լրացուցիչ 500 մլն եվրո օգնությունն Ուկրաինային կօգտագործվի ծանր սպառազինություն՝ տանկեր և հրետանի գնելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Յոթնյակի (G7) ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա G7-ի արտգործնախարարների յոթերորդ հանդիպումն է ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր. բաղադրատոմսը մնում է նույնը, ավելի մեծ աջակցություն Ուկրաինային, այդ թվում՝ ռազմական:Ես կհայտարարեմ Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին, ինչը մեր օգնությունն ընդհանուր առմամբ կհասցնի 2 միլիարդ եվրոյի»,- ասել է Բորելը։
Նա մանրամասնել է, որ այդ միջոցները «օգտագործվելու են ծանր սպառազինություն ձեռք բերելու համար, այս պահին մենք արդեն ուղարկել ենք զրահատեխնիկա, տանկեր, հրետանի և արկեր»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ երկրները կարող են ֆինանսավորել Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարումը, Բորելն ասել է. «Ո՛չ, 500 միլիոն եվրոյով չի կարելի շատ ինքնաթիռներ մատակարարել, այդ միջոցները կուղղվեն այս տեսակի պատերազմի համար անհրաժեշտ ծանր սպառազինություն ձեռք բերելուն»։