Մոուրինյո․ «Լեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում ֆավորիտ չկա
ՍՊՈՐՏԻտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական «Լեսթեր Սիթիի» հետ դիմակայությունից առաջ գնահատել է թիմերի հնարավորությունները։ «Ռոման» ու «Լեսթեր Սիթին» կհանդիպեն Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում։
«Մենք արդեն 13-րդ հանդիպումն ենք անցկացնելու Կոնֆերենցիաների լիգայում, իսկ «Լեսթեր Սիթին» դուրս էր մնացել Եվրոպայի լիգայից։ Եվրագավաթային հանդիպումների պատճառով մենք միավորներ կորցրեցինք Իտալիայի առաջնությունում՝ խաղալով հինգշաբթի, հետո էլ կիրակի։
«Լեսթերի» առավելությունն այն է, որ նրանք Պրեմիեր լիգայում դիրքի մասին արդեն չեն մտածում, իսկ մենք ցանկանում ենք Իտալիայի առաջնությունում Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել։ Մենք դեռ 5-րդ տեղից կարող ենք հայտնվել 8-րդ տեղում։
Ես բազմաթիվ եվրագավաթային կիսաեզրափակիչներ եմ ունեցել։ Վստահեցնում եմ ձեզ՝ այս փուլում ֆավորիտ չկա։ Հնարավորությունները հավասար են՝ 50/50»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Լեսթեր Սիթի» - «Ռոմա» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Անգլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։