Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ ամբողջ Ֆրանսիայում լռության օր է, որի ժամանակ արգելվում է քարոզարշավ իրականացնել՝ ապրիլի 24-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։ Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այսօր նախագահի թեկնածուներին արգելվում է նախընտրական հանրահավաքներ անցկացնել, հարցազրույցներ տալ և քարոզարշավը որևէ կերպ շարունակել, ֆրանսիացի ընտրողների կարծիքի վրա ազդող տվյալներ հրապարակել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, այս օրն անցկացնելու է ծովափնյա Լե Տուկեի իր ընտանեկան տանը:Մինչդեռ նրա մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու, պատգամավոր Մարին Լը Պենը լինելու է Պա դե Կալեում գտնվող Հենին-Բոմոն կոմունայում, գրում է ՏԱՍՍ-ը:
Elabe ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի վերջին հարցման համաձայն՝ Մակրոնը նախընտրական մրցավազքի երկրորդ փուլի առաջատարն է։ Նրա օգտին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 55,5 տոկոսը։ Նրա մրցակիցը, ըստ սոցիոլոգների, կարող է հույս դնել ձայների 44,5%-ի վրա։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլում Մակրոնը ստացել է ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը։
«Ամենահավանական սցենարը Էմանուել Մակրոնի հաղթանակն է, սակայն Մարին Լը Պենի ընտրությունը չի կարելի բացառել»,- ասել է սոցիոլոգ Բրիս Տանտուրյեն։
Նրա կարծիքով՝ «Լը Պենի հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե առաջին փուլում ձեռնպահ քվեարկած 13 միլիոն մարդկանց մեծամասնությունը կողմ քվեարկի»։
Ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։