ՌԴ ՊՆ-ն նշել է Ուկրաինայում հատուկ գործողության երկրորդ փուլի խնդիրները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական բանակը հատուկ գործողության երկրորդ փուլում պետք է լիակատար վերահսկողություն սահմանի Դոնբասի վրա։ Այս մասին Սվերդլովսկի շրջանի պաշտպանական արդյունաբերության միության տարեկան ժողովում հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը։, տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Հատուկ գործողության երկրորդ փուլի սկզբից, այն արդեն սկսվել է բառացիորեն երկու օր առաջ, ռուսական բանակի խնդիրներից մեկը Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է»,- ասել է նա։
Դոնբասի վրա ՌԴ զինված ուժերի վերահսկողությունը հնարավորություն կտա ցամաքային միջանցք ստեղծել դեպի Ղրիմ, ընդգծել է Միննեկաևը։
«Դա հնարավորություն կտա ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ, ինչպես նաև ազդել ուկրաինական կենսական նշանակության օբյեկտների, սևծովյան նավահանգիստների վրա, որոնց միջոցով գյուղատնտեսական և մետալուրգիական ապրանքներ են առաքվում այլ երկրներ»,- ասաց փոխհրամանատարը։
Միննեկաևն ընդգծել է, որ ցամաքային, ծովային և օդային տարածքում ռուսական բանակի տեխնիկական գերազանցությունն Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ակնհայտ է։
______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։