Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տվել Թուրքիայի կարևորությունը Եվրամիության (ԵՄ) համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Թուրքիան Եվրամիությունից կոնկրետ քայլեր է ակնկալում միությանը լիիրավ անդամակցության համար, գրում է kommersant.ru-ն։
«Վերջին իրադարձություններն Ուկրաինայի համատեքստում հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ. պատերազմի բացասական հետևանքները համաշխարհային մասշտաբով ցույց են տվել Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԵՄ-ի համար, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն կոնկրետ և բովանդակալից քայլեր կձեռնարկի՝ հիմնված լիիրավ անդամակցության մեր հեռանկարի վրա», - ասել է Թուրքիայի նախագահն Անկարայում տարբեր երկրների դեսպանների հետ իֆթարի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ:
Թուրքիան Եվրամիության ասոցացված անդամ է 1964 թվականից։ 1987 թվականին երկիրը միությանը միանալու հայտ է ներկայացրել։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է 2005 թվականից։ Միությանը միանալու համար Թուրքիան պետք է հաջողությամբ ավարտի բանակցությունները Եվրահանձնաժողովի հետ 35 բանակցային կետերից 33-ի շուրջ (երկուսը համաձայնություն չեն պահանջում): Այնուհետև ԵՄ երկրները պետք է միաձայն քվեարկեն Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու օգտին։