ՄԻՊ-ը կարձագանքի լրագրողների դեմ ՔՊ-ի հերթական նախագծին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախագծով՝ առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ «անցանկալի» լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։
Նրանք շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Գործող օրենքով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:
1or.am-ը կապ հաստատեց ՄԻՊ Հանրային կապերի բաժին՝ ճշտելու համար, թե ՔՊ-ական պատգամավորների նոր նախաձեռնությունն ինչպիսի արձագանք է գտել պաշտպանի գրասենյակում.
«Պաշտպանը պատգամավորների նախաձեռնության մասին տեղեկացել է մամուլից: Ներկա պահին կատարվում են ճշտումներ և ուսումնասիրություններ, որից հետո կլինի պաշտպանի անդրադարձը»,- մեզ հետ զրույցում նշեց ՄԻՊ մամուլի խոսնակ Էդգար Այվազյանը:
Հավելենք, որ սա լրագրողների ազատությունը սահմանափակելու ՔՊ-ի երկրորդ նախաձեռնությունն է: Առաջինը վերաբերում էր լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր արտահերթ զեկույց և դիմել Սահմանադրական դատարան:
Օրերս ՍԴ-ն գործի վարույթը կարճեց՝ փաստելով, որ դիմումի շրջանակներում վկայակոչված վերոնշյալ դիրքորոշումները չունեն սահմանադրաիրավական վեճի բովանդակություն, հետևաբար` Դիմողի կողմից չեն առաջադրվել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցեր:
Մարիամ Նալբանդյան