Սև մութ ամպեր Սյունիքի գլխին․ ի՞նչ է մոգոնում փաշինյանական վարչախումբը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ44-օրյա պատերազմից հետո Սյունիքը դարձել է Հայաստանի ամենախոցելի հատվածը։ Փաշինյանական իշխանությունը ոչ միայն փորձում է հարվածել Սյունիքում առանձնապես մեծ ազդեցություն ունեցող անձանց, այլ նաև սեփական քարոզիչների և սպասարկուների միջոցով, Սյունիքում տպավորություն ստեղծել, թե որևէ խնդիր այդ մարզի համար գոյություն չունի, իսկ Ադրբեջանի պահանջները ոչ այլ ինչ են, քան ընդամենը սպառնալիքներ։
Նախօրեին Սյունիք են այցելել միաժամանակ երկու խմբեր։ Մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների խումբն է եղել, որը հանդիպումներ է ունեցել Կապանում, փորձել մարզի բնակչության որոշ հատվածին համոզել, թե որևէ խնդիր գոյություն չունի, մյուսը՝ այսպես կոչված սորոսական կոխորտան է՝ Լարիսա Մինասյանի գլխավորությամբ։ Անվանապես հայտարարելով, թե իրենք Մեղրիում ծրագիր են իրականացնում, իրականում նրանք փորձել են տեղում հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Հարկ է նշել, որ բոլոր այս դեպքերում, թե՛ «Քաղպայմանագրի» պատգամավորները, թե՛ սորոսականները հանդիպել են միայն սահմանափակ թվով մարդկանց հետ, և նրանց իրական դուխը չի ներել հանդիպել շարքային քաղաքացիներին։
Բոլորն են հիշում արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հղած «սյունյաց ողջյունները», և հնարավորինս Փաշինյանին աջակցող զանգվածը փորձում է հեռու մնալ Սյունիքում իրական ազդեցություն ունեցող մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպումներից։ «Քաղաքացիական պայմանագիր»-ի սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսը այցելել են Սյունիք, եղել են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում, հանդիպել ընդամենը կուսակցական ակտիվի հետ։
Առաջիկայում Քաջարանում և Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը և «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է գրավել այդ երկու տարածքները ևս։ Գորիսում և Կապանում նրանց ստացած հարվածից հետո, Քաջարանում և Սիսիանում «Քաղպայմանագրի» դիրքերն առանձնապես չեն ամրապնդվել։ Ընդհակառակը, Մանվել Փարամազյանի և Սիսիանում Արթուր Սարգսյանի կալանավորումից, նրանց տևական ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, փաշինյանական իշխանությունը լրջագույն խնդիրներ ունի այս հատվածներում։ Եվ եթե նրանք պարտվեն նաև Քաջարանում և Սիսիանում, ապա կարելի է նշել, որ Սյունիքը առնվազն դուրս է եկել փաշինյանական իշխանության վերահսկողությունից և փորձում է սեփական ուժերով մաքառել ադրբեջանական ագրեսիայի դեմ, ինչը, իհարկե, Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ ցանկալի չէ։ Նա ամեն գնով փորձում է նեղել սյունեցիներին, ցույց տալ, թե հենց ինքն է միակ իշխանությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սյունիքում։
Ալեն Խաչատրյան