Վրաստանը չի փորձի պատերազմով վերադարձնել կորցրած տարածքները. Զուրաբիշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Վրաստանը չի փորձում և չի փորձի պատերազմով վերադարձնել կորցրած տարածքները»,- այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով` սա Վրաստանի իշխանությունների անդրդվելի որոշումն է։
«Ի վերջո, մենք բոլորս տեսնում ենք, որ պատերազմով ձեռք բերված տարածքները ոչինչ չեն տալիս՝ ոչ զարգացում, ոչ ինքնորոշում, ոչ ինքնության պաշտպանություն»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա նաև ընդգծել է միասնության կարևորությունը, որի «անբաժանելի մասն է» «բազմազանությունը, բազմակարծությունը, բազմազգությունը և բազմակուսակցականությունը»։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ միասնության հասնելու համար անհրաժեշտ է «փորձել գնալ զիջումների, հաշվի առնել ուրիշների կարծիքը և երկրի շահերը վեր դասել քո անձնական, կուսակցական կամ այլ շահերից»։
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ մեկ բռունցքի մեջ համախմբված հասարակությունը չի փլուզվի։
«Դա վերաբերում է նաև մեր բնակչությանը, Աբխազիայում և Ցխինվալի տարածաշրջանում ապրող քաղաքացիներին, որոնց հետ մենք պետք է վերջապես ընդհանուր լեզու գտնենք»,- շեշտել է նա։