Ռուսաստանը փորձում է թաղել ԵԱՀԿ Մինսկի խումբը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը փորձում է իր ձեռքը վերցնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը, իսկ Հայաստանի գործող իշխանություններն ընդդիմանում են։ Այս խնդրահարույց վարքը, նշենք, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Երեկ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները մամուլի ասուլիս տվեցին, Սերգե Լավրովը հայտարարեց, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվում են համագործակցել Ռուսաստանի հետ, անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Լավրովի փոխանցմամբ Արևմուտքը զոհաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով։ Մանկամտության հասնող եռանդով Արարատ Միրզոյանն անհապաղ արձագանքեց, կտրուկ հերքեց Սերգեյ Լավրովին․
«Ինձ այլ նորություններ են հասնում, հաշվի առնելով այդ կոնկրետ ազդանշաններն ու ուղերձները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և շատ երկրներից, կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խումբը դադարել է գոյություն ունենալ, քանի որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, չկա նույնիսկ Լեռնային Ղարաբաղ անունով տարածաշրջան, միջազգային հանրությունը շարունակում է տեսնել հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակում, ինչը շատ հուսադրող է»,- ասել է Միրզոյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին անգամ որևէ հիշատակում չկար Բրյուսելի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ։ Հաջորդ օրը Փաշինյանը անպայման շեշտել էր հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո հակամարտությունը կարգավորելու Հայաստանի հանձնառությունը։ «Գուժելով» ԵԱՀԿ ՄԽ մահը՝ Ռուսաստանն ըստ էության Հայաստանին հասկացնում է, որ այդ անպտուղ կառույցը վերակենդանացնել փորձելու, ՌԴ վերահսկողության տակից դուրս գալու ջանքեր փոխադրելու փոխարեն հարկավոր է ավեի զգույշ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Խոսելով Փառուխի դեպքերի մասին՝ Սերգեյ Լավրովը նաև հստակ արձանագրեց, թե չարժե թիրախավորել ռուսական խաղաղապահ ծառայությունը, մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները շաբաթներ շարունակ զբաղված են դրանով։ Իհարկե, փաշինյանական վարչախումբը շարունակելու է նույն եռանդով և պարզամտությամբ վնասել Հայաստանի շահերին։ Թերևս, ՌԴ-ն վերջապես ստիպված լինի ավելի մատչելի լեզվով խոսել ՀՀ իշխանությունների հետ, կամ էլ, ի վերջո, ազատվի նրանցից։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն առայժմ կապել է Ռուսաստանի ձեռքերը և Հայաստանով զբաղվելու այդքան էլ մեծ տրամադրություն չկա, բայց այս տեմպերով Փաշինյանը նոր օյին է բերելու երկրի գլխին։
Ռազմիկ Ավետիսյան