Գներն աճում են, բնակչությունը՝ պակասում․ սպագա կա՞
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վիճակագրական կոմիտեն երեկ ոլորտային վերլուծություն է հրապարակել գների աճի հետ կապված, նաև ներկայացրել է, թե ինչ ծանր իրավիճակ է ստեղծվել ժողովրդագրական առումով։ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2022-ի մարտը 2021-ի մարտի նկատմամբ, կազմել է 7,4%։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։ Վերջին մեկ տարում՝ 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12,8% գնաճ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2,3%-ով:
Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022-ի մարտին 2021-ի նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար 12,3%, 10,8% և 18,2%-ով։ Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները աճել են համապատասխանաբար 16,2%, 16,8%, 28,0%, 37,2%։ Ոչ պարենային ապրանքների գները ևս աճել են։ Մասնավորապես, 2022-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4,8% գնաճ։ Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 25,4% և 39,9%-ով։ Վիճակագրական կոմիտեն նաև ժողովրդագրական առումով է խնդիրներ արձանագրում։
Ըստ էության, այս երկու հանգամանքները բնորոշում են այն ստեղծված իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանում թե՛ արցախյան 44-օրյա պատերազմից հետո և թե՛ ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, և գների աճը անմիջականորեն առնչվում է մարդկանց հետ, հարվածում է նրանց գրպանին։ Իսկ ժողովրդագրական իրավիճակի վատթարացումը մեկ անգամ ևս վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքը սեփական ապագային։
Որքան էլ փաշինյանական վարչախումբը պնդի, թե ապագա կա, միևնույն է Հայաստանի քաղաքացին ոչ միայն չի տեսնում այդ ապագան, այլև չի ցանկանում Հայաստանում երեխաներ ունենալ, անշարժ գույք ձեռք բերել, կամ էլ իր ապագան կապել երկրի հետ։ Սա է ամենացավալին, որ գոյություն ունի այսօր Հայաստանում։ Ըստ էության, կա՛մ իրավիճակը շուտափույթ պետք է շտկել, կա՛մ էլ պետք է ստիպված լինենք արձանագրել, որ Հայաստանը սրընթաց գլորվում է դեպի անդունդը։
Դանիել Գրիգորյան