ՆԱՏՕ-ի հետ անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի նրա ընդլայնումը դեպի արևելք, առաջին հերթին դեպի Ուկրաինա. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի հետ պայմանավորվածությունները պետք է լիովին բացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հերթին դեպի Ուկրաինա»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, եթե Ուկրաինան հրաժարվի քննարկել ապառազմականացումն ու ապաազգայնականացումը, ապա դա չի նպաստի բանակցությունների շարունակմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: