Պենտագոնն Ուկրաինային հավելյալ 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իշխանությունները Ուկրաինային լրացուցիչ 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրեն։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակում Պենտագոնը կտրամադրի մինչև 300 միլիոն դոլար անվտանգության աջակցություն՝ ուժեղացնելու Ուկրաինայի ինքն իրեն պաշտպանելու կարողությունը», - ասվում է Քիրբիի գրավոր հայտարարության մեջ:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ներկայիս վարչակազմի օրոք (անցյալ տարվա հունվարից) ԱՄՆ իշխանությունները Կիևին հատկացրել են ավելի քան 2,3 միլիարդ դոլար ռազմական օգնություն, որից 1,6 միլիարդը հատկացվել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո:
Ինչպես պարզաբանել է Պենտագոնի խոսնակը, նոր փաթեթը, մասնավորապես, ներառում է լազերային կառավարվող հրթիռային համակարգեր, Switchblade արկեր, Puma անօդաչու թռչող սարքեր, հակադրոնային համակարգեր, զրահատեխնիկա, գնդացիրներ, զինամթերք, գիշերային տեսողության համակարգեր և կապի սարքավորումներ։
Քիրբին բացատրել է, որ Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակում օգնության հատկացումը չի նշանակում Պենտագոնի պաշարներից այս կամ այն սարքավորումների և միջոցների տրամադրում, այլ ենթադրում է նախարարության կողմից համապատասխան պայմանագրերի կնքում արտադրողների հետ։