Ընդդիմության խնդիրը չընկրկելն է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԽորհրդարանական ընդդիմությունը ապրիլի 5-ին հանրահավաք է հրավիրում։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ուղերձով դիմել են հանրությանը, նշել են, որ ծանր վիճակում է հայրենիքը, այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։
«Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը, նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը, այս ընթացքը պետք է կասեցնել»,- նշել են ընդդիմադիր պատգամավորները՝ ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրելով Ազատության հրապարակ։
Ընդդիմության այս մղումները, իհարկե, արդարացի են, և իսկապես անհրաժեշտ է, որ հանրությունը մասնակցի բողոքի ակցիային։ Այդուհանդերձ հանրությունը ևս կարող է ունենալ կասկածամտության նշույլ՝ հաշվի առնելով խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիր խմբակցությունների վարքը, երբեմն անատամ վերաբերմունքը և տարբեր փուլերում հռչակած պայքարից հետ կանգնելու քայլերը։
Երեկ սոցիալական ցանցերում նաև որոշակի ծաղրանքի դրսևորումներ էր նկատվում, թե ընդդիմությունը իր բողոքի գործողությունները հարմարեցնում է Գագիկ Սուրենյանի հետ, փորձում է փողոցային պայքար մղել միայն տաքերն ընկնելու հետ։ Որքան էլ ցավալի հնչի, այդ քննադատությունն ու ծաղրը երբեմն արդարացված են։ Այս ընդդիմությունն ինքն է ապացուցել, որ մեկ-երկու հանրահավաքից բացի որևէ այլ բան չի կարողանում կազմակերպել։ Եվ եթե այս անգամ էլ՝ հայտարարելով իրենց իսկ հռչակած հայտարարությունը և երկրի առջև ծառացած բազմապիսի լրջագույն խնդիրները, ընդդիմությունը ոտքի չկանգնի և մինչև վերջ չպայքարի, կարող ենք փաստել, որ անատամ և անողնաշար քաղաքական ուժերը լիովին արժանի են ունենալ Նիկոլ Փաշինյանի պես վարչապետ։
Իսկ գործող իշխանությունները, մեր տեղեկություններով, արդեն իսկ լծվել են ընդդիմության հայտարարած հանրահավաքը խափանելու գործողություններով։ Եվ մասնավորապես ՏԻՄ իրենց վերահսկողության տակ գտնվող մարմիններին և իրավապահներին հանձնարարել են տեղում հավաքել ընդդիմության առավել աչքի ընկնող ներկայացուցիչներին և թույլ չտալ քաղաքացիներին տեղափոխել Երևան։
Միհրան Պետրոսյան