ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը. ՌԴ պատվիրակության ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի առաջարկները ենթադրում են, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։
«Այս առիթով, ինչպես ասացի, մենք ընդառաջ քայլ ենք անում և խոսում ենք արտգործնախարարների հանդիպման շրջանակում պայմանագրերի նախաստորագրման ժամանակ պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորության մասին։ Դա անելու համար մենք պետք է պայմանագիրը կնքենք, հասկանանք, թե ինչի շուրջ ենք պայմանավորվել, որից հետո արտգործնախարարները նախաստորագրեն այն, և պետությունների ղեկավարները, չորսով հանդիպելով, կարող են լուծել մնացած որոշ հարցեր»,- պարզաբանել է Մեդինսկին։
Ավելիր վաղ նա ասել էր, որ Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները։
Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները:
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։ Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Այս գործընթացում մինչ այժմ ամենանշանակալի առաջընթացն արձանագրվել է այսօր»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան «շատ ուրախ է աջակցել դրան»։
«Մենք տեսնում ենք, որ այսօրվա հանդիպմանը որոշակի առաջընթաց է արձանագրվել, որոշ հարցեր համաձայնեցվել են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ խուսափելով մանրամասներից:
Բացի այդ, Չավուշօղլուի խոսքով, ավելի բարդ հարցերը պետք է քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մակարդակով: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի հաստատումը կբերի երկարաժամկետ քաղաքական կարգավորման։