Ուկրաինական զորքերը գնդակոծել են Կուրսկի շրջանի սահմանային անցակետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրսկի շրջանի Տետկինո գյուղի անցակետը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Այս մասին հայտնում է նահանգապետ Ռոման Ստարովոյտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր՝ մարտի 29-ին, Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Տետկինո գյուղի անցակետը, կրակը լռեցվել է մեր քաջարի զինծառայողների պատասխան կրակով, կորուստներ կամ ավերածություններ չկան։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, իրավիճակն այս պահին մեր վերահսկողության տակ է: Կրակը արձակվել է Ուկրաինայի տարածքից՝ հրաձգային զինատեսակներից և նռնականետերից»,- ասել է նահանգապետը Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։