Հայաստանին ներքաշում են վտանգավոր արկածախնդրության մեջ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈւ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։
«Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները», - հայտարարում է ՊՆ-ն։ Այս մասին լուրը հրապարակել էր Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը` հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության` իրականությանը չի համապատասխանում նաև այս հրապարակման մեջ արվող մեկ այլ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։ Վստահաբար կարելի է նշել, որ Հայաստանին և Հայաստանի Պաշտպանության նախարարությանը փորձում են ներքաշել դաժան մի ավանտյուրայի մեջ։
Հայաստանն ընդհանրապես ունի չորս ՍՈւ-30 ինքնաթիռ, որոնք այդպես էլ չկարողացան օգտագործել արցախյան 44-օրյա պատերազմում։ Եվ այժմ Ադրբեջանը, հրաշալի իմանալով հայկական նշված ինքնաթիռների քանակությունը, փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանը լիակատար կերպով աջակցում է ռուսական ներխուժմանը Ուկրաինա և նույնիսկ սեփական զինատեսակներով է աջակցություն հայտնում։
Հայկական դիվանագիտությանը մինչ օրս հաջողվել է ապահովել իր չեզոքությունը և հնարավորինս զերծ մնալ միջազգային պատժամիջոցների տակ հայտնվելուց։ Դա նաև ձեռնտու է Ռուսաստանին, որը կարողանում է Հայաստանի միջոցով որոշակի հարցեր լուծել, կամ կապ հաստատել տարբեր երկրների իշխանությունների հետ, ընդ որում Հայաստանի իշխանությունների հավասարակշիռ վարքը նպաստում է երկրի դրական իմիջի ձևավորմանը։ Եվ բնականաբար առաջին հերթին այդ հանգամանքը պետք է մտահոգեր Հայաստանի մշտական թշնամի Ադրբեջանին, որն էլ Թուրքիայում գործող իր հեռուստաընկերության միջոցով նման կեղծ տեղեկություն է տարածում։ Բարեբախտաբար Հայաստանի Պաշտպանության նախարարությունը արագ արձագանքեց և հերքեց նշված լուրը։
Իհարկե, հարկ չէին համարել տևական ժամանակ անգլերեն և այլ լեզուներով թարգմանել այդ տեղեկությունը, որպեսզի կարողանան կանխել Հայաստանի հեղինակությանն ու վարկին հասցվող նոր հարվածը։ Ինչևէ արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունները ստիպված են և պարտավոր են ոչ միայն աշխատել ներքին լսարանի, այլ նաև արտաքին միջազգային հանրության համար, բաց և հստակ խոսել բոլորի հետ, ներկայացնել իրենց մոտեցումները, որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմը լրջագույն հարված չհասցնի Հայաստանին։
Սամսոն Աբրահամյան