Մեդինսկին նշել է Կիևի հետ համաձայնագրի կնքման պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի կնքումը քիչ հավանական է, եթե հաշվի չառնվեն Մոսկվայի համար կենսական նշանակություն ունեցող դիրքորոշումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը պնդում է համապարփակ համաձայնագիր, որը, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից ու անվտանգության երաշխիքներից, նախատեսում է մի շարք դիրքորոշումներ, որոնք «կենսական» են Ռուսաստանի Դաշնության համար։ Ըստ Մեդինսկու՝ խոսքը ապառազմականացման, ապաազգայնացման, Ղրիմի և Դոնբասի ճանաչման, ինչպես նաև պայմանագրային այլ դիրքորոշումների մասին է: Նրա խոսքով` առանց դրանց դիտարկման և հաշվի առնելու` «համաձայնագրի կնքումը քիչ հավանական է»։
Նա նաև նշել է, որ Կիևը «առաջին հերթին մտահոգված է երրորդ տերություններից անվտանգության երաշխիքներ ստանալու համար, եթե Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին»։
«Եվ սա միանգամայն հասկանալի դիրքորոշում է»,- հավելել է նախագահի օգնականը։