Խորքային խնդիրներ Հայաստանի և Արցախի համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում Հայաստանից գազի մատակարարման խողովակի դադարեցումը խորքային մի քանի լուրջ խնդիրներ է պարունակում Հայաստանի և Արցախի համար։ Մարտի 8-ից սկսած՝ Ադրբեջանը նախ պայթեցրել էր, ապա և վերանորոգումից օրեր անց փակել Արցախում 120000 բնակչության գազամատակարարումը։ Նույնիսկ միջազգային կառույցների, իրավապաշտպանների և եվրամիության ներկայացուցչի հայտարարությունից հետո, թշնամի երկիրը մտադիր չէ բացել գազատարը։ Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել էր գազամատակարարման դադարեցումը։
Պարզվել է, որ Ադրբեջանը վերանորոգման ընթացքում փական է դրել և այլևս իր վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթեցնելու որևէ պարտականություն չունի, փոխարենը՝ հանգիստ կարող է անջատել։ Փորձագետները նշում են, թե Ադրբեջանն այս կերպ բոլորովին այլ քայլեր է փորձում ձեռնարկել։ Ընդ որում արտգործնախարարությանն այսօր պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով թե Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։
Ըստ էության, այդ կերպ նախ Հայաստանի իշխանությանը ցույց են տալիս իրենց տեղը և երկրորդ, Ադրբեջանը պնդում է, թե Արցախի հետ կապված ցանկացած միջամտություն և գործընթաց ընդամենը Ադրբեջանի ներքին գործն է։ Մասնագետները նշում են, թե Ադրբեջանն այս քայլով մի քանի խնդիրներ է փորձում լուծել. նախ՝ Արցախում գազամատակարարման դիմաց արցախահայերից պահանջում է ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ ստիպում է, որ Հայաստանը պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ գազամատակարարման վերաբերյալ։ Ըստ էության, թշնամի երկիրը Հայաստանին էներգետիկ ջրային, անգամ անվտանգային իմաստներով կախվածության մեջ գցելու, Ադրբեջանի հետ գործարար և այլ հարաբերություններ է հաստատելու, հաճախորդ դառնալու և տարածաշրջանում թելադրող դիրք ստանալու քայլեր է իրականացնում։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն փորձում դիմադրել այս ամենին։
Այն, որ Արցախի բնակչությունը օրեր շարունակ մնացել է առանց գազի, դեռ մի կերպ կարելի է հասկանալ։ Ի վերջո պետությունը կարող է և պետք է ուժ գործադրի, օգտագործի սեփական ֆինանսական հնարավորությունները՝ արցախահայության տաքանալու հարցերը կարգավորելու համար։ Սակայն հավուր պատշաճի պատասխանելու փոխարեն, Հայաստանի Հանրապետությունը վտանգում է ոչ միայն Արցախի, այլ նույնիսկ Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը, ինքնիշխանությունը և կախվածության մեջ դնում թշնամի Ադրբեջանից։
Դավիթ Ղամբարյան