ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և G7-ի գագաթնաժողովներում կտեսնենք՝ ով է ընկեր, ով՝ գործընկեր, ով՝ ծախված ու դավաճան. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ակնկալում է, որ համաշխարհային քաղաքական գործիչները կաջակցեն երկրին մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովներին։ Այս մասին, kp.ua-ի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը հույս ունի, որ երկրները լուրջ քայլեր կձեռնարկեն ընդդեմ ՌԴ-ի։
«Վստահ եմ, որ մարդիկ ցույց կտան, թե ինչպես են մեզ աջակցում։ Բայց քաղաքական գործիչները պետք է պաշտպանեն ազատությունը: Նրանք պետք է աջակցեն կյանքի պայքարին։ Սպասում ենք լուրջ քայլերի ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից»,- ժողովրդին ուղերձում ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, Ռուսաստանն արդեն սկսել է լոբբինգ իրականացնել պատերազմի շահերի համար և այժմ աշխատում է որոշ գործընկերների հետ։ Նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովներում Կիևի դիրքերը ամուր են լինելու, և երկրների ներկայացուցիչները կկարողանան արտահայտել իրենց վերջնական դիրքորոշումները։
«Այս երեք գագաթնաժողովներում լինելու է մեր ամուր դիրքորոշումը։ Այս երեք գագաթնաժողովներին մենք կտեսնենք, թե ով է ընկեր, ով՝ գործընկեր, ով է ծախվել ու դավաճանել։ Կյանքը կարելի է պաշտպանել միայն միասնությամբ։ Ազատությունը պետք է զինել: Մենք խնդրեցինք փակել մեր երկինքը։ Եվ մենք խնդրել ենք, որ ՆԱՏՕ-ի օգնությունն Ուկրաինային լինի արդյունավետ և անսահմանափակ։ Զենքով ցանկացած աջակցություն մեզ անհրաժեշտ է»,- ասել է նա։
Մարտի 24-ին Եվրոպայի Բրյուսելում կայանալու են երեք կարևոր գագաթնաժողովներ՝ նվիրված ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Արտակարգ հանդիպումներ կանցկացվեն ՆԱՏՕ-ի, Եվրամիության և G7-ի ներկայացուցիչների կողմից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: