ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի համար նախատեսված սպառազինությամբ ցանկացած բեռ որպես թիրախ կընկալի. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայի համար սպառազինությամբ ցանկացած բեռ որպես թիրախ կընկալեն, RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան շատ հստակ հասկացրել է, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, «որը մենք զենք տեղափոխող կհամարենք, օրինական թիրախ կդառնա։ Դա լիովին հասկանալի է»,- ասել է արտգործնախարարը։
Լավրովը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիեւին «Ս-300» զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։ «Քննարկվում է նաեւ հակահրթիռային պաշտպանությունը։ Պրագմատիկ նկատառումներից ելնելով՝ նրանք կարծում են, որ կարող են խնդրել ՆԱՏՕ-ի անդամներին, ովքեր դեռ խորհրդային արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունեն, պաշտպանել իրենց: Ես կցանկանայի հիշեցնել բոլոր երկրներին, որոնք կարող են դիտարկել այդ գաղափարը, որ խորհրդային համակարգերը եւ ռուսական արտադրության համակարգերն այնտեղ են գտնվում միջկառավարական համաձայնագրերի եւ պայմանագրերի համաձայն, որոնք նաեւ օգտագործողի վկայական ունեն: Եվ այդ վկայականը թույլ չի տալիս դրանք երրորդ երկրներ ուղարկել»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Սլովակիան նախօրեին հայտարարել էր «Ս-300» համակարգերն Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին, եթե դրանց փոխարինող ստանա ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ի անդամներից: