Հայաստանը վերածվում է 30-ականների Չիկագոյի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում են ոստիկանական մեթոդներով, հետապնդումներով և բռնություններով կանխել սեփական իշխանության դեմ հասունացող հերթական բողոքի ալիքը, Հայաստանն աստիճանաբար վերածվում է Սիցիլիայի կամ 30-ականների Չիկագոյի, որտեղ այլևս փողոցում մարդ գնդակահարելը, քրեական ռազբորկաներն ու հաշվեհարդարները որևէ մեկին չեն զարմացնում։
Վերջին օրերին առնվազն մի քանի դեպքեր են գրանցվել, երբ առանձնակի լկտիությամբ փոխհրաձգությունների դեպքեր են եղել Հրազդանում, Երևանում և շատ այլ վայրերում։ Հայաստանի գլխավոր դատախազությունը նախօրեին կոլեգիայի նիստ է գումարել, ամփոփել է 2021 թվականին հանցավորության դեմ պայքարում դատախազության կատարած աշխատանքները։
Արձանագրվել է, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է հանցագործության 30245 դեպք, նախորդ տարվա համեմատ 3777-ով կամ 14,3 տոկոսով ավելի։ Դեպքերի աճ արձանագրվել է բոլոր հանցատեսակներով, բացառությամբ մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման դեմ կարգի հանցագործությունների։ Հատկապես, դատախազությունը ընդգծել է, որ մտահոգիչ է համարում սպանությունների դեպքերը 20 տոկոսով, սպանության փորձերը՝ 17,9 տոկոսով աճը։
Ըստ էության, դատախազության այս հաղորդագրությունը վկայում է, որ Հայաստանում քրեական տարրերը վաղուց այլևս իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում։ Անպատժելիության այս մթնոլորտը ոչ միայն վտանգ է Հայաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը, այլ նաև հոգեբանական լուրջ իրավիճակ է ստեղծում, երբ մարդիկ այլևս սեփական երկրում պաշտպանված չեն։
2018 թվականի իշխանափոխությանը սխալմամբ մասնակցած բնակչության զգալի մասը թերևս հասկացել է, որ այլևս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի վիճակի չէ կատարել ոչ միայն իր խոստումները, այլ նույնիսկ ապահովել հանրության պաշտպանվածությունը քրեական տարրերից։ Մինչդեռ հանցագործների դեմ պայքարում խոստումներ տվող իշխանությունն այսօր ինքն է զբաղված քրեականների հետ գործարքների մեջ մտնելու կասկածելի քայլերով։ Ամեն գնով իշխանությունը պահելու փաշինյանական վարչախմբի այս մոլուցքը հանգեցնում է Հայաստանում քրեական և քրեածին իրավիճակի կտրուկ սրմանը։ Իսկ Հայաստանի քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր պաշտպանված չեն, չունեն համապատասխան սպառազինություն և զենք մնացել են ոստիկանության և հատուկ ծառայությունների հույսին, այժմ ստիպված են արձանագրել, որ իրենք լիովին անպաշտպան են սեփական երկրում։
Ալբերտ Հակոբյան