Այսօրվանից ռեստորաններում, բարերում, սննդի կետերում և այլ տարածքներում ծխելն արգելվում է, նախատեսված է տուգանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 15-ից էլ ուժի մեջ է մտնում բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.
․պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ,
․ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:
Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:
Հունվարի 1-ից էլ Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Բացառություն են օդանավակայանների անմաքս առևտրի խանութները։ Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: