Մակրոնն ու Բայդենը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ մարտի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը հղումով։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները, աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Նրանք կշարունակեն հետագայում էլ կապ պահպանել այս հարցի շուրջ», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը նաև իր ցավակցությունն է հայտնել Բայդենին Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի մահվան կապակցությամբ։
Նախագահները նաև անդրադարձել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարցին և մտադիր են շարունակել համակարգել իրենց գործողություններն առաջիկա օրերին։
Նշվում է, որ Մակրոնն իր «լիարժեք աջակցություն է հայտնել» Զելենսկիին և մանրամասն պատմել է այն լրացուցիչ օգնության մասին, որը վերջերս Ֆրանսիայի Վերսալ քաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ Եվրամիությունը որոշել է տրամադրել ուկրաինացի առաջնորդին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: