Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար ՌԴ–ի կողմից կոնկրետ պահանջներ են դրվել. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար Ռուսաստանը ձևակերպել և ուկրաինական կողմին է փոխանցել իր կոնկրետ պահանջները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր լրագրողներից մեկը Պեսկովին, իր բնորոշմամբ, «գուցե հիմար» հարց է տվել այն մասին, թե երբ կկարգավորի իրավիճակը Ուկրաինայում։
«Բացարձակ հիմար հարց չէ, սա շատ խորքային, ճիշտ և օրինաչափ հարց է։ Հավանաբար, դուք կհամաձայնեք, որ նախագահը բազմիցս ասել է, որ մենք 8 տարի շարունակ մեր արևմտյան գործընկերներին բանակցությունների ընթացքում դրդում էինք, որ իրենք ազդեն Կիևի վրա և ստիպեն նրան հրաժարվել սպանել իրենց իսկ մարդկանց Դոնբասում և գնալ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ 8 տարի շարունակ Պուտինը բավական համբերատար մասնավոր բանակցությունների ժամանակ տարբեր ձևակերպումներով փորձել է համոզել դրանում «մեր արևմտյան գործընկերներին»։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մի քանի տասնամյակներ իր «զրուցակիցների» ուշադրությունը հրավիրում էր նրան, որ Ռուսաստանն իրեն վտանգված է զգում այն բանից հետո, երբ նրանք իրենց ռազմական ենթակառուցվածքներով «մեր կողմ» են շարժվում։
«Մեզ դա դուր չի գալիս, մենք մեզ վտանգված ենք զգում, և դրա վրա աչք փակել չենք կարող, ինչո՞ւ եք դա անում։ Պատասխան չի եղել և մեզ պարզապես փաստի առաջ են կանգնեցրել», – ասել է մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով` հետևաբար այդ երկու հարցին լուծում է պետք գտնել։
«Այդ հարցերի լուծման համար ռուսական կողմը կոնկրետ պատասխան-պահանջներ է ձևակերպել, որոնք տվյալ դեպքում ուկրաինական կողմին փոխանցվել են, և որքանով մեզ հայտնի է, այդ պահանջներն ուկրաինացիները քննարկվում են իրենց խորհրդականների հետ։ Նախևառաջ ԱՄՆ–ից և ԵՄ երկրներից։ Հույս ունենանք։ Դա է պետք լուծել, այդ դեպքում ամեն ինչ կավարտվի», – ասել է Պեսկովը։
Ռուսաստանն ու Ուկրաինան ավելի վաղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը խաղախ բնակիչներին տարհանելու, սննդամթերք և դեղորայք մատակարարելու համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման հարցում փոխըմբռնման էին հասել, սակայն մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։