Պուտինն ասել է, որ Կիևի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցություններում դրական փոփոխություններ կան։ Նա այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Ես, անշուշտ, ձեզ կտեղեկացնեմ նաև ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին` ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք հիմա գրեթե ամեն օր են անցկացվում։ Ինչպես ինձ զեկուցել են մեր բանակցողները, որոշակի դրական տեղաշարժեր կան։ Ես այդ ամենի մասին ավելի մանրամասն կպատմեմ», - ասել Է Պուտինը։
Անդրադառնալով արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ են ձեռնարկվել, բայց ռուսաստանցիներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները:
«ԽՍՀՄ-ն ապրել է պատժամիջոցների պայմաններում, զարգացել է և հսկայական հաջողությունների հասել։ ... Նույնիսկ 90-ականներից հետո ԽՍՀՄ–ից մնացած պատժամիջոցները պահպանվել են Ռուսաստանի նկատմամբ և անցել արդեն նոր ու նորագույն ժամանակներ»,- նշել Է Պուտինը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները տնտեսական ու տեխնոլոգիական ինքնիշխանությունն ամրապնդելու հնարավորություններ են տալիս։