Փաշինյանական վարչակազմը մուտք գործեց «կեղծիքի բարձրագույն լիգա»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանական վարչակազմը մուտք գործեց «կեղծիքի բարձրագույն լիգա»։ Շվեդական անհայտ մի կազմակերպության՝ «Varieties of democracy» ինստիտուտի հրապարակած ժողովրդավարական զեկույցը լուրջ էյֆորիա է բարձրացրել փաշինյանական իշխանության շարքերում և առիթ տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերթական անհեթեթ հայտարարությունը անի կառավարության նիստում։
«Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը բնորոշվում է ոչ թե ընտրական ավտորիտարիստ տերմինով, այլ բնորոշվում է որպես ընտրական ժողովրդավարություն»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասկարգում է տեղի ունեցել»,- նշել է Փաշինյանը՝ հերթական անգամ հիշեցնելով 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը։
Ըստ էության, այս հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի համար միակ կռվանն է դարձել, թե՛ ներսում հանրության և ընդդիմության հետ հարաբերվելիս, թե՛ արտաքին աշխարհում սեփական դիրքերը ամրապնդել փորձելիս։ Եվ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների պայմանական ասած «բարձրագույն լիգա»։ Այս հայտարարությունը կարող էր ծիծաղի տեղիք տար, եթե իսկապես մարդիկ չհասկանային, թե ինչ է կատարվել իրականում։
Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները չափազանց ուշագրավ, սակայն պրիմիտիվ մարտավարություն են որդեգրել, գտնում են անհայտ որևէ հաստատություն, այդ հաստատության կամ գրանտային կազմակերպության միջոցով Հայաստանը հռչակում ժողովրդավարություն և շաբաթներ շարունակ տարփողում՝ փորձելով այդ կերպ ամրապնդել իրենց դիրքերը երկրում։
Իսկ թե ի՞նչ են ասել Հայաստանի մասին իրական իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես օրինակ «Ֆրիդըմ Հաուսը» և այլ կառույցներ, Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը որևէ կերպ չեն մեկնաբանի, քանի որ այդ կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, խնդիրները, ինչպես նաև հիբրիդային լինելու հանգամանքը։ Փոխարենը կարելի է մի քանի կոպեկով կամ մի ծանոթով գտնել որևէ մանր ՀԿ կամ ՍՊԸ, նրանց միջոցով քարոզչական դիվիդենտներ հավաքել։ Այս մարտավարությունը այնքան էլ ձախողված չէ, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում է կիրառել այդ տեխնոլոգիան և թոզ փչել հանրության ու հատկապես սեփական կողմնակիցների աչքերին։ Իզուր չէ, որ երեկ ամբողջ օրը փաշինյանական պատգամավորները չէին իջնում հեռուստատեսային եթերներից և մամուլի էջերից, փրփուրները բերանին փորձում էին ապացուցել, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և երջանիկ այս կյանքը մեզ է նվիրել Նիկոլ Փաշինյանը։
Մանվել Մարտիրոսյան