Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱվարտվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեւել է ավելի քան չորս ժամ։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ և երկու երկրների խորհրդարաններում այս փաստաթղթի հաստատմամբ ադրբեջանա-թուրքական եղբայրական և բարեկամական հարաբերություններն էլ ավելի են զարգացել դաշնակցության հիման վրա։
Նախագահները մտքեր են փոխանակել հետհակամարտային շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը, այն հեռանկարները, որոնք այն կստեղծի տարածաշրջանի համար, և այս առումով նշվել է նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման կարևորությունը։
Զրույցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նշել են Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մեջ ամրագրված բոլոր դրույթների կատարման կարևորությունը և քննարկել են Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները։
Հանդիպմանն անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությանը, որի կապակցությամբ նշվել է Հարավային գազային միջանցքի հաջող գործունեությունը:
Բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման շուրջ։ Նշվել է ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հաջող շարունակությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել ուկրաինական զարգացումների շուրջ և բարձր են գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ջանքերը՝ ուկրաինական պատերազմին հնարավորինս շուտ վերջ դնելու համար։
Վերջում Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահին հրավիրել է Ադրբեջան։