«Հակառակորդը դանդաղեցրել է հարձակման տեմպերը. միջոցներ են ձեռնարկվում Կիևի ուղղությամբ առաջխաղացումը զսպելու համար». Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի՝ մարտի 10-ի առավոտյան օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մասին։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, հիմնական ջանքերը կենտրոնացած են հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կանխելու վրա։ Ընթանում է Մարիուպոլ քաղաքի շրջանաձև պաշտպանություն։
Բացի այդ, շարունակվում է Բելառուսի հետ պետական սահմանի ծածկումը։ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են Չեռնիգով քաղաքի պաշտպանությունը և միջոցներ են ձեռնարկում Կիևի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը զսպելու համար։
«Հակառակորդը դանդաղեցրել է հարձակման տեմպերը, նրա անձնակազմը բարոյալքված է, զգալիորեն ավելացել են դասալքության դեպքերը», - ընդգծել են Գլխավոր շտաբից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։