Լավրովն ու Կուլեբան կհանդիպեն Անթալիայում՝ Չավուշօղլուի մասնակցությամբ. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում շփում է նախատեսվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։
«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայի ղեկավարի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ՏԱՍՍ-ին ասել է նա։
Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Նա ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը, և որ հանդիպումը կանցկացվի եռակողմ ձևաչափով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։