Ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երկուշաբթի առավոտյան օպերատիվ տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության մասին, գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ օրվա սկզբից ռուսական զորքերը շարունակում են հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերին՝ շարունակելով օգտագործել Բելառուսի օդանավակայանային ցանցը։
Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ մարտի 6-ի տվյալներով՝ ռուսական զորքերը կորցրել են 285 տանկ, 48 ուղղաթիռ և 44 ինքնաթիռ։ Կիևի պնդմամբ՝ ռուս զինվորների զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։