ՆԱՏՕ-ն կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, հրաժարվելով Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելուց, ըստ էության «կանաչ լույս» է վառել ուկրաինական քաղաքների ռմբակոծման համար։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարվել է նոր տեսաուղերձում։
«ՆԱՏՕ-ն այսօր կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց, սակայն դուք կարող էիք փակել երկինքը: Ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել, և արդյոք Դաշինքի երկրներն ընդունակ են պաշտպանել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տեղյակ է հակառակորդի՝ հարձակումն ուժեղացնելու ծրագրերին։
«Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշեց չփակել Ուկրաինայի երկինքը»,- ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի փակ երկինքը չի կարող սադրել Ռուսաստանի Դաշնության ուղղակի ագրեսիան ընդդեմ ՆԱՏՕ-ի։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու ուկրաինական կողմի պահանջը՝ ասելով, որ իրենք մեծացնում են աջակցությունը, սակայն ուղղակի մասնակցությունը կհանգեցնի ավելի լայն, նույնիսկ ավելի դաժան եվրոպական պատերազմի:
«Մենք այս հակամարտության կողմ չենք: Մենք, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պարտավոր ենք կանխել այս պատերազմի սրումը Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ դա կլինի էլ ավելի վտանգավոր, ավելի կործանարար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։