Թուրքիան ցանկանում է Անթալիայում կազմակերպել Լավրովի և Կուլեբայի հանդիպումը. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները ցանկանում են կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որը կարող է երկխոսություն հաստատել երկու կողմերի հետ: Նույնիսկ պատերազմի սկսվելուց առաջ մենք նախատեսում էինք երկու արտգործնախարարներին հրավիրել դիվանագիտական ֆորումի Անթալիայում, բայց դա պատերազմից առաջ էր: Մենք ուզում ենք հանդիպում կազմակերպել ուկրաինական և ռուսական կողմերի միջև՝ նախարարների մակարդակով: Լավրովը երեկ հաստատել եմ իր մասնակցությունը (դիվանագիտական ֆորումին), բայց չգիտեմ՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կարո՞ղ է գալ այս պայմաններում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։