Պուտինը երեք պահանջ է ներկայացրել Մակրոնին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը մտքերի լուրջ և հանգամանալից փոխանակում են անցկացրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների վերաբերյալ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնած երկարատև հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մտքերի լուրջ և հանգամանալից փոխանակում ունեցան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Ֆրանսիական կողմը որոշակի տեսակետներ է հայտնել Դոնբասի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի ռազմական գործողության վերաբերյալ և հույս է հայտնել, որ ներկայիս հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի Կիևի հետ երկխոսության և բանակցությունների միջոցով», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ նման կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական անվտանգության շահերը, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, ուկրաինական պետության ապառազմականացման և ապաազգայնացման խնդիրների լուծումը և նրա չեզոք կարգավիճակի ապահովումը։ Միաժամանակ նշվում է, որ ռուսական կողմը բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար և ակնկալում է, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքների։
«Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ՌԴ զինված ուժերը չեն սպառնում խաղաղ բնակչությանը և չեն հարվածում քաղաքացիական օբյեկտներին։ Սպառնալիքը գալիս է ուկրաինացի ազգայնականներից, որոնք օգտագործում են խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան, դիտավորյալ հարվածային զենքի համակարգեր են տեղադրում բնակելի թաղամասերում և ուժեղացրել են Դոնբասի քաղաքների գնդակոծությունը»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ֆրանսիացի առաջնորդի թվիթում նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմն ու Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ հարվածները։ Բացի այդ, Մակրոնը Պուտինին կոչ է արել ապահովել Ուկրաինայի ճանապարհների անվտանգությունը և պահպանել երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները։