ՌԴ-ն տանկային հարձակում է նախապատրաստում Կիևի վրա. Ուկրաինայի ՆԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զորքերը պատրաստվում են փետրվարի 25-ին հարձակվել Կիևի վրա: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու ծրագիրն է Իվանկովից և Չեռնիգովից տանկային շարասյուներով ճեղքել մինչև Կիև»,- գրել է նա՝ հավելելով, որ «ռուսական տանկերը հիանալի այրվում են», երբ խոցվում են «Ուկրաինայի դաշնակիցների նվերներով (նկատի ունի Արևմուտքից ստացած զինատեսակները-Tert.am)»:
Մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ զինվորականները մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ մեծ թվով հակառակորդի զրահամեքենաներ են կուտակվել։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն Իվանկովոյի մոտ Տետերով գետի շրջադարձին կանգնեցրել է հակառակորդի առաջխաղացումը, գետի վրայով անցնող կամուրջը ոչնչացվել է։ Հաղորդվում է նաև, որ հակառակորդը ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մոտ գտնվող ստորաբաժանումներին։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը պաշտպանում են Կիևի երկինքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։
«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։