Բլինքենը չեղարկել է Լավրովի հետ հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը, որը պլանավորված էր անցկացնել հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, չի կայանա։
«Անցած շաբաթ ես համաձայնել եմ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել այս շաբաթ՝ փետրվարի 24-ին՝ Եվրոպայի անվտանգության շուրջ մեր երկրների անհանգստությունը քննարկելու համար, բայց միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա:
Այժմ մենք տեսնում ենք, որ ներխուժումն սկսվում է, եւ Ռուսաստանը դիվանագիտություն չի դրսեւորել, այժմ նման հանդիպման իմաստ չկա»,-ասել է Բլինքենը՝ հանդես գալով ճեպազրույցում, որն անցկացվել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ փետրվարի 22-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների շուրջ:
Նրա խոսքով՝ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները համաձայնել են դրան, Լավրովին համապատասխան նամակ է ուղարկվել: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր Բլինքենի ու Լավրովի բանակցություններին պատրաստակամության մասին:
«Մենք նույնիսկ ամենադժվարին պահերին միշտ ասել ենք, որ պատրաստ ենք բանակցային գործընթացին: Ուստի մեր կողմից դիրքորոշումը մնում է նույնը, մենք պատրաստ ենք բանակցային գործընթացին: Մենք միշտ հանդես ենք գալիս դիվանագիտության օգտագործման օգտին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: