Ադրբեջանը Ռուսաստանի նոր դաշնակիցն է Հարավային Կովկասում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ անվտանգության և կայունության ապահովման նպատակով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։
«Անվտանգության ապահովման, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել փոխադարձ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի վրա և հաշվի առնելով գործող միջազգային իրավունքը», - այս մասին ասվում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում։
Հռչակագրի չորս տասնյակ կետերից շատերը պետք է որ մտահոգեին թե՛ ՀՀ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Ըստ էության, Ռուսաստանն այսօր հռչակագրով արձանագրում է Հարավային Կովկասում Հայաստանի բացակայությունը, իսկ իր համար նոր դաշնակից ընտրում Ադրբեջանին։ Հռչակագրի 11-րդ կետը, օրինակ, նշում է, թե ՌԴ-ն և Ադրբեջանը «իրենց տարածքներում վճռականորեն պետք է կանխեն պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած անձանց և կազմակերպությունների գործունեությունը»։
Փաստացի, ՌԴ-ում գործունեություն ծավալող ցանկացած հայկական կազմակերպություն կարող է լուրջ խնդիրների բախվել այս հոդվածի հետևանքով։ Հռչակագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենք ակնկալում են, որ հայկական կողմը կիրականացնի «2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը, որոնք վերաբերում են հայկական բոլոր զորքերի դուրս բերմանը Ղարաբաղի տարածքից, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչը հայկական կողմի իրավական պարտավորություններից է»։
Արձանագրություններում զորքերի դուրսբերման պահանջ, իհարկե, գոյություն չունի, սակայն չի խանգարում, որ արձանագրությունների նախաձեռնող Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Ադրբեջանի նախագահն իրեն նման կեղծիք թույլ տա և պահանջներ ներկայացնի Հայաստանին։ Այս իրավիճակի պատճառը, մեղավորն ու պատասխանատուն մեկն է՝ Հայաստանի գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն էլ այնքան է նվազեցրել ՀՀ ինքնիշխանությունը, որ անգամ ռազմավարական դաշնակից հորջորջվող երկիրը խորը և համապարփակ թքած ունի ՀՀ շահերի վրա։
Դանիել Հակոբյան