Ունենք օրական արձանագրվող մահվան բավական բարձր ցուցանիշ, որն այժմ 2% է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔովիդով վարակվածության նոր դեպքերի ցուցանիշները վերջին օրերին նվազման միտում են դրսևորում։
Այս թեմայի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հետ։
Հարցին, թե ինչո՞վ է սա բացատրվում` մասնագետն ասաց. «Իրավիճակը, մեր գնահատմամբ՝ շարունակում է լարված մնալ, չնայած նկատվում է դեպքերի նվազում, բայց նախորդ տասնչորս օրվա համեմատ դեռևս ունենք դեպքերի աճ, եթե սովորաբար նշել ենք 500-400% աճ՝ այս պահի դրությամբ 64%-ով են դեպքերն աճել, եթե վերջին 14 օրվա դեպքերը համեմատենք նախորդ 14 օրվա հետ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը, 14 օրվա հաշվարկով, 1-ից ցածր է՝ 0,6, բայց դեռևս մուգ կարմիր գոտում ենք: Այս ցուցանիշները մի փոքր հարաբերական կարելի է դիտարկել, որովհետև մարդիկ հիմնականում չեն թեստավորվում, այսինքն՝ եթե տանը ունեն մեկ դրական դեպք, ապա մյուսները, ախտանշաններ ունենալու դեպքում, չեն թեստավորվում, հետևաբար մենք չունենք ամբողջական պատկեր ու չենք կարող ասել, թե նոր դեպքերի նվազման միտում կա»։
Հարցին, թե մահվան դեպքերի ավելացումն ինչո՞վ է պայմանավորված համաճարակաբանն ասաց. «Ինչպես միշտ նշել ենք, հիվանդացության ցուցանիշի աճից երկու շաբաթ անց մահվան դեպքերի աճ է գրանցվում, և մենք հիմա այդ փուլում ենք ու դրա համար ունենք օրական արձանագրվող մահվան բավական բարձր ցուցանիշ, որն այժմ 2% է»։
Սոնա Գիշյան