Անօրինական միգրացիայի դեմ պետք է կիրառվեն ամենակոշտ միջոցները. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմենակոշտ միջոցները պետք է ձեռնարկվեն անօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների եւ եկվորների թվից օրենքի առանձին խախտողների նկատմամբ: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՆԳՆ կոլեգիայի նիստում, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ուրախ են ողջունել բոլոր նրանց, ովքեր գալիս են այստեղ ապրելու, սովորելու եւ աշխատելու, միաժամանակ պահպանում են երկրի օրենքները եւ հարգանքով են վերաբերվում մշակույթին եւ ավանդույթներին։
«Նման օտարերկրյա քաղաքացիները եւ առաջին հերթին արտասահմանից ժամանող մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան ազատ եւ առանց բյուրոկրատական քաշքշուկների ձեւակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», – ասել Է նախագահը։
«Սակայն անօրինական միգրացիան, հանցավոր խմբավորումների գործունեությունը, որոնք անօրինական միգրացիայի վրա են կառուցում իրենց բիզնեսը․ այդ մարդկանց դեմ պետք է մշակվեն ամենախիստ միջոցները։ Իսկ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում, իրավակարգի խախտումներ, անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանի սահմաններից դուրս նման մարդկանց արտաքսման եւ ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման եւ կատարման համար», – ընդգծել Է Պուտինը։
Պետության ղեկավարը խնդրել է հաշվի առնել այդ պահանջները՝ «քաղաքացիության ձեռքբերման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցառումների մշակման, Ռուսաստանում մշտական կամ ժամանակավոր բնակության եւ աշխատանքի իրավունք տրամադրելիս, հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրին մասնակցելիս»։
Նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 10-ին ստեղծվել է ՌԴ Անվտանգության խորհրդի միգրացիոն պետական քաղաքականության կատարելագործման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։
«Ակնկալում եմ, որ նրա աշխատանքը թույլ կտա ամրապնդել ազգային անվտանգությունը միգրացիոն ոլորտում, կնպաստի այդ գործընթացների կարգավորմանն այնպես, որ նրանք ոչ թե ռիսկեր եւ սպառնալիքներ ստեղծեն, այլ ծառայեն մեր պետության սոցիալատնտեսական զարգացմանը», – ասել Է Պուտինը։