Թալիբները Աֆղանստանից մեկնած դասախոսներին հորդորել են հայրենիք վերադառնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի կառավարությունը, որը ղեկավարվում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, երկրից հեռացած բուհերի դասախոսներին հորդորել է վերադառնալ՝ գիտական առաջընթացի հասնելու համար: Այդ մասին հաղորդել է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին։
«Աֆղանստանն ընդհանուր տուն է բոլոր էթնիկ խմբերի համար, եւ մենք պատասխանատվություն ենք կրում նրանց զարգացման համար: Բարգավաճման բացակայության դեպքում երկրի կրթական համակարգը թերի է: Այդ կապակցությամբ բարձրագույն կրթության նախարարությունը հրավիրում է բոլոր պրոֆեսորներին, որոնք հեռացել են երկրից, վերադառնալ տուն»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է ալիքը: Թալիբներն ընդգծել են, որ դասախոսները պետք է օգնեն երկրի զարգացման նպատակներից մեկի իրականացման գործում:
Աֆղանստանի կառավարությունը նաեւ հայտարարել է նոր դասախոսների վարձելու համար միջոցներ հատկացնելու մասին: «Մենք հայրենիքը լքած կադրերին խնդրում ենք՝ վերադառնալ եւ շարունակել զբաղվել իրենց սուրբ գործով եւ ավանդ ներդնել երկրի գիտական առաջընթացի գործում»,-նշել է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարությունը: 2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: