Ընդդիմությունը լքում է խրամատը․ նախագահի ընտրությանը չեն մասնակցի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել հանրապետության նախագահի ընտրությանը։ Խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, թե Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով. Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների է դիմագրավում:
«Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով: Չնայած նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի հանրապետության նախագահ»,- նշել են ընդդիմադիրները և հավելել, թե քննարկել են թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ են համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:
Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունը, իհարկե, հնարավորություն չէր տալիս ընդդիմադիր խմբակցություններին ընտրել ՀՀ նախագահ, և, անգամ, թեկնածու առաջադրելու դեպքում, վերջինս վստահաբար պարտվելու էր իշխանության թեկնածուին։ Փոխարենը, ընդդիմությունը հնարավորություն ուներ առաջադրված թեկնածուի միջոցով խորհրդարանի ամբիոնից քննադատելու փաշինյանական վարչախմբին, հանրությանը ցուցադրելու, թե ով է, ինչ արժեքների կրող է նախագահի իշխանական թեկնածուն, ներկայացնելու իշխանության ապօրինությունները։ Ի վերջո, հենց խորհրդարանում քննադատությունների, իշխանության դեմ օրինագծերի ներկայացման, ընդդիմադիր կոշտ հռետորաբանության միջոցով է իրականացվում ընդդիմադիր գործունեությունը, այլ ոչ բոյկոտի։
Փոխարենը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել հանրապետության նախագահի ընտրությանը։ Նրանք չեն մանրամասնում, թե ինչ է նշանակում այդ ձևակերպումը, սակայն տրամաբանական է, որ բոյկոտելու են նույնիսկ նախագահի թեկնածության քննարկումը, ելույթներ չեն ունենալու, հարցեր չեն տալու։ Այսինքն, «Քաղաքացիական պայմանագիրը» առանց դիմադրության, «ջան ասելով, ջան լսելով» անցկացնելու է նախագահի իր թեկնածուին, երկրորդ փուլով։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերը հերթական անգամ լքում են պայքարի խրամատը՝ երկրի կարևորագույն պաշտոններից մեկը հանգիստ հանձնելով Փաշինյանին։
Հայկ Կարապետյան