Անկարան հայտնել է, որ Ուկրաինան պատրաստվում է նոր անօդաչու սարքեր գնել Թուրքիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան հայտնել է Թուրքիայից նոր անօդաչու թռչող սարքեր գնելու իր մտադրության մասին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Bloomberg-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն անցյալ տարի աճել է 59 տոկոսով՝ հասնելով 7.1 միլիարդ դոլարի, պաշտպանական արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ առաջընթաց է գրանցվել հարաբերություններում։ Մինչ օրս Ուկրաինան գնել է 12 թուրքական անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ հայտնել է Գլխավոր շտաբի պետի մակարդակով նոր սարքեր գնելու մտադրությունը»,- ասել է պաշտոնյան։
Հունվարին Թուրքիան ստորագրեց Bayrak Makina-ից «Բայրաքթար Աքինջի» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման առաջին պայմանագիրը, որոնց շարժիչները, ինչպես նախապես հայտարարել էին Կիեւում, կմատակարարի Ուկրաինան։ Սակայն մինչ օրս չի նշվում, թե որ երկրի հետ է կնքվել այդ պայմանագիրը։
2021 թվականի նոյեմբերի 12-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկրի երկու ընկերություններ՝ «Իվչենկո-պրոգրես» պետական ձեռնարկությունը եւ «Մոտոր Սիչ» ձեռնարկությունը, պայմանագրեր են ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման համար: