Ուկրաինան բացառել է Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի իշխանությունները բացառում են Դոնբասին հատուկ կարգավիճակ կամ վետոյի իրավունք տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Ուկրաինայի ոչ մի շրջան ազգային որոշումների նկատմամբ վետոյի իրավունք չի ունենա։ Այնպես որ, ինչպես պատկերացնում է Ռուսաստանը, չի լինի հատուկ կարգավիճակ, չի լինի վետոյի իրավունք»,- ասել է Կուլեբան՝ պատասխանելով Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու մասին հարցին։
Արտգործնախարարը պատասխանել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել մինսկյան պայմանավորվածությունների կատարման վրա, որոնց կետերից մեկը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին հատուկ կարգավիճակի տրամադրումն է։
«Մենք շատ խորը ապակենտրոնացման բարեփոխում ենք իրականացնում։ Բայց մինսկյան պայմանավորվածությունները սկսվում են անվտանգության խնդիրներից։ Քաղաքական մասն այնտեղ միայն երկրորդ տեղում է»,- եզրափակել է Կուլեբան։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալը Ուկրաինայում պատերազմի ավարտի միակ միջոցն է։