Տնտեսական աճը փուչիկ էր Փաշինյանի իշխանության պես
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ամփոփիչ տվյալները, անցած տարին Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով։ Ըստ էության, 2020 թվականի 7,4 տոկոս անկումն այդպես էլ չի հաղթահարվել։ Անցած տարի աճ գրանցվել է ոլորտների մեծ մասում՝ արտահանումն ավելացել է 19,1 տոկոսով, ներմուծումը՝ 16,9, շինարարությունը գրեթե 7,4 տոկոսով։ Փոխարենը անկում է արձանագրվել գյուղոլորտում՝ 1,1 տոկոս, և էլեկտրականության արտադրության գծով` 0,6 տոկոս։
Հատկապես ծանր է իրավիճակը աշխատավարձերի առումով։ Միջին ամսական աշխատավարձը 2021-ին Հայաստանում աճել է 7,6 տոկոսով, պետական հիմնարկներում ավելի քիչ՝ 5,2 տոկոսով՝ դառնալով, համապատասխանաբար, ավելի քան 204 հազար և գրեթե 180 հազար դրամ։ Այնինչ, նույն Վիճկոմը փաստում է, որ անցած տարի սննդամթերքը Հայաստանում թանկացել է 11,5 տոկոսով՝ էականորեն ավելի աշխատավարձի աճից։
Փաշինյանական իշխանությունները փորձում են մանիպուլացնել, հայտարարում են, թե իրենք ավելի ցածր տնտեսական աճ էին կանխատեսել՝ 3,2 տոկոս, ստացվել է մոտ կրկնակի ավելի։ Միաժամանակ, նրանք մոռանում են իրենց իսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին անդրադառնալ այլևս իմաստ չունի։ Չարաբաստիկ այդ պաշտոնյան հրաժարականի իր խոստումը կատարելու փոխարեն հայտարարում էր, թե կատակ է արել, հույս է տվել ժողովրդին։ Տնտեսական 5,8 տոկոս աճն էլ, ի դեպ, խնդրահարույց է։ Ավելի շատ աճ գրանցվել է առևտրի և ծառայությունների ոլորտում, ինչն էլ էականորեն ազդել է ընդհանուր թվի վրա։ Մինչդեռ 2020 թվականին լոքդաունի պատճառով հենց այդ երկու ոլորտներն էին լրջորեն տուժել, և այժմ օբյեկտիվորեն աճ են ցույց տվել։ Շինարարության, արդյունաբերության ոլորտներում աճն այնքան էլ մեծ չէ, իսկ դա նշանակում է, որ տնտեսությունն առանձնապես չի զարգացել, ընդհակառակը, հետընթաց է գրանցվել։
Մովսես Արշակյան