Փաշինյանը մտքափոխվե՞լ է․ չի ցանկանում հանել նախկինների կարած «կոստյումը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշումը։ Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:
Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Փաշինյանի այս որոշումը հետևեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ կառավարության ճեպազրույցների ժամանակ սրտնեղած հայտարարությանը, թե իրենք դեռ սպասում են վարչապետի որոշմանը։ Թեպետ Փաշինյանը ստիպված էր ստորագրել որոշումը, ամենևին փաստ չէ, որ Հայաստանը նոր Սահմանադրություն կունենա։ Դեռ օրեր առաջ իր առցանց ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր․ «Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով»։
Փաշինյանը նշել էր, թե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առջև առկա է Սահմանադրությունը «աուդիտի» ենթարկելու խնդիր։
«Մենք խնդիր ունենք հասկանալու՝ ինչպիսի փոփոխության տեղեր կան Սահմանադրության մեջ։ Օրինակ՝ Սահմանադրության մեջ գրված է նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ-ի կանոնակարգում գրված է, որ նա յոթօրյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը։ Այստեղ շատ լուրջ հակասություն կա»,- ասել էր նա։
Տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել պետական կառավարման համակարգը, վերադառնալ կիսանախագահական կառավարմանը։ Իսկ նույն ասուլիսում հայտարարել է, թե իր անձնական համոզմունքով Հայաստանը պետք է մնա խորհրդարանական երկիր, կիսանախագահական կամ նախագահական կառավարման ձևերին անցնելու կարիք չկա։ Ըստ ամենայնի, նրան դուր է եկել սուպերվարչապետական համակարգը, նախկինների հագով կարած «կոստյումը», և այժմ միջոցներ է փնտրում՝ ձախողելու սահմանադրական փոփոխությունները և շարունակելու կառավարել անսահման լիազորություններով։
Սամվել Գաբրիելյան